Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Մեր պատանիները հիացրել են

Մեր պատանիները  հիացրել են
13.09.2013 | 11:47

Կլայպեդայում (Լիտվա) օրերս ավարտված ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում (տասնհինգ և տասնյոթ տարեկաններ), հանրապետության վաստակավոր մարզիչ, հավաքականի գլխավոր մարզիչ Էդիկ Կիզողյանի գլխավորությամբ, գերազանց են հանդես եկել մեր պատվիրակները:
Ավելի կրտսեր տարիքային խմբում 85 կգ քաշային կարգը ներկայացրած երևանցի Սարգիս Կիրակոսյանն ունեցել է բացառապես ոսկե ելույթ ու արժանացել աշխարհամասի չեմպիոնի կոչմանը: Այս նույն քաշային կարգում արծաթե մրցելույթներ է ունեցել Արսեն Մարտիրոսյանը: Պոկում վարժությունում բրոնզե մեդալի է արժանացել էջմիածինցի Հրայր Հովհաննիսյանը (50 կգ քաշային կարգ):
Ինչպես միշտ, իր գործն է արել էջմիածինցի գերծանրքաշային, տասնյոթամյա Սիմոն Մարտիրոսյանը` վերը հիշատակված Արսեն Մարտիրոսյանի ավագ եղբայրը` երկամարտի 367 կիլոգրամ արդյունքով կանգնելով հաղթողի պատվանդանին: Սիմոնը միաժամանակ ճանաչվել է առաջնության լավագույն մարզիկ: Հիշեցնենք, որ այս պատանյակն ամիսներ առաջ հիացրեց բոլորիս նաև աշխարհի առաջնությունում` նվաճելով հողագնդի ամենաուժեղի տիտղոսը:
Տասնյոթ տարեկանների մեր ընտրանուց արծաթե մրցելույթներ են ունեցել վանաձորցի Էդմոն Բադալյանն ու գյումրեցի Ժորժ Եղիկյանը (62 և 69 կգ քաշային կարգեր): Մրցանակային երրորդ տեղով են հայրենիք վերադարձել գյումրեցի 62 կգ քաշային Հենրիկ Խաչատրյանն ու քասախցի 77 կգ քաշային Մանուկ Մկրտչյանը: Ընդհանուր թիմային հաշվարկով ևս Հայաստանի տասնյոթ տարեկանների ընտրանին եղել է անգերազանցելի: Մեր հավաքականին հաջորդել են լեհերի ու ռուսների հավաքականները:
Միաժամանակ հավելենք, որ երկաթախաղի ընտրանու երկու տարիքային խմբերը միացյալ ուժերով Հայաստան են վերադարձել տասնյոթ մեդալով: Եթե սրա կողքին չմոռանանք, որ հինգ մեդալ էլ կա մեր աղջիկների ակտիվում, ապա ձեռքբերումն ավելի քան պատկառելի է ներկայանում:
Դե ինչ, մեր ազգայինի վերջին երկու տարվա առանձնապես չգոհացնող մրցելույթների ֆոնի վրա սա հաճելի իրողություն է ու հույս է ներշնչում, որ մարզաձևը մեզ մոտ, ի դեմս գոնե պատանիների, աշխույժ կյանքով է ապրում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1099

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ